☜☜☜

ԿԱՐԾԻՔՆԵՐ


ՈՒ՞Մ  ՀԱՄԱՐ  Է  ԹԱՆԿ  ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ.

 

Անցել է ավելի քան 24 տարի այն օրից, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Մի շարժում, որն արթնացրեց ազգը ու բերեց աննախադեպ համախմբման: Հայոց Ազգը դարձավ մի սիրտ, մի հոգի: Պայքարեց ու հաղթե´ց:

Հայտնի երգի տողերն ասում են՝.

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար...

Եվ բնականաբար, առաջին գիծ նետվեցին հենց այդ Խենթերը, որոնք ազատության զոհասեղանին անմնացորդ դրեցին իրենց կյանքը, տվեցին արյուն ու հերոսացան: Խենթեր՝ որոնք հետո՜, շա՜տ հետո, հաղթանակից հետո, դառնալու էին իրենց իսկ հաղթանակով կայացած Անկախ Հայաստանի «ՄԵՐԺՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ»:

22 տարի է արդեն, որ մխում է հոգիս անպարփակ ցավից, կեղծիքի ու ստի հաղթարշավից: Անցած լինելով Շարժման ամենադժվարին ու դժոխային ճամփաներով, սեփական մաշկիս վրա զգալով կեղծիքի, ստի ու անարդարության դաժան խարանը, ճաշակած լինելով ազգադավների կողմից մեզ ու մեր նմաններին պարտադրված դժողքի պտուղները՝ լռել չէի կարող: Լռությունս՝ հավասար էր մահվան: Լռությունս՝ կրակե շապիկ էր, որ անխնա լափում էր հոգիս, կեղեքում սիրտս և ստիպում ազատություն տալ լեզվիս ու մտքիս: Կարծում էի միայնակ եմ, կարծում էի բոլորը մոռացել են, կամ՝ պարտադրվել՝ մոռանալ, քանզի ինձ ևս պարտադրել էին ժամանակին, կարծում էի՝ լեռելու են հավիտյան: Կարծում էի ինձ հետ միասին մեռնելու է նաև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ա´յն ճշմարտությունը, ա´յն իրականությունը, որի ականատեսն ու կրողն էի եղել ճակատագրորեն: Եվ այս ամենի ցավը, իմ հիշողություններում միայնակ լինելուս ենթադրությունը, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե վախ էին սերմանել հոգուս մեջ՝ ստիպելով ինձ լռել, այլ՝ ընդհակառակը՝ բողոքում ու պարտադրում էին ինձ խոսել, գրել, բարձրաձայնել իրականությունը, դարձնել այն խեղաթյուրված, գլխիվայր շուռ տված պատմությամբ սնվող երիտասարդ սերնդի սեփականությունը...

Միայնակ լինելու այդ գիտակցման մեջ, իսկական հայտնություն դարձավ ինձ համար Վարդան Հովհաննիսյանի «Ազատամարտիկի Հիշատակարանը», որտեղ Արցախյան ազատամարտի դաժան ճամբան ամբողջովին ծայրից-ծայր անցած լրագրող-հեղինակը, ճշգրտությամբ վեր է հանում կատարված իրականությունն ամբողջությամբ: Մաքրում, զտում է մեր նորօրիա պատմության էջերը կեղծիքից, ստից և մատնացույց անում ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ա´յն հերոսներին, ովքեր թեև մեզ բոլորիս համար տվեցին ամենաթանկը՝ կյանք ու արյուն, բայց Արցախյան շարժումը միտումնավոր աթոռակռվի նենգափոխած ՀՀՇ -ի մի խումբ ազգադավների կողմից գնդակահարվեցին, զանազան կեղտոտ ու սարքովի քրեական մեղադրանքներով բանտերը լցվեցին, տարբեր կերպերով ոչնչացվեցին ու անտեսվեցին...

ՎԵՐՋԱՊԵՍ ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԽՈՍԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ...

Եվ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ լրագրողը, մարտիկը ու ազնվագույն հայորդին, ստանձնել է այդ դժվարին, այդ պատասխանատու ու նաև վտանգավոր առաքելությունը: «Ազատամարտիկի Հիշատակարանը », առաջին հերթին անհրաժեշտ է մեր երիտասարդ սերնդին, հետո նոր՝ փառքի ուղին անցած մեր իրական մարտիկներին ու նրանց զոհված և ոչնչացված մարտիկ-ընկերների զավակներին: «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, մեր բոլոր ԱՆԻՐԱՎՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՃԻՉՆ Է, նրանց ցավը, բողոքը՝ վերջին 24 տարիներին կատարված ու կատարվող անարդարության և այդ անարդարությունն իրականացնողների դեմ:

Վարդան Հովհաննիսյանն իր պրպտումների արդյունքում գտել, լսել, ձայնագրել ու տեսագրել է բազմաթիվ ազատամարտիկների, ովքեր 24 տարի ցավն ատամների տակ սեղմած, լու՜ռ ականատես են եղել իրենց կատարած հերոսական գործերը սեփականացնողների,իրենց հասանելիք փառքի դափնիները վայելողների և իրենց ստորաբար անտեսած ու կյանքի անփառունակ անկյունը նետած «ասֆալտի ֆիդայիների» հերոսացմանը:

Ահա´ թե ինչպես վարձահատույց եղան ՀՀՇ-ի իշխողները, նրանց «հերոս սպարապետն» ու նրանց ժառանգորդը հանդիսացող հետագա կառավարողները իրական հերոսներին: 24 տարի է խեղաթյուրված է պատմությունը, 24 տարի արգելանք դրվեց ճշմարտությունը բարձրաձայնելու վրա, քանզի «հերոս սպարապետի» կողմից միայն իր սեփական անձին հավատարիմ լինելու համար նվիրված գեներալական ուսադիրներ կրողները շա՜տ էին և նրանք ամեն բան անում էին ու այսօր էլ անում են՝ անսասան պահելու իրենց «սպարապետի» անիրական հերոսական կերպարը, ինչը հենց իրենց սեփական կերպարների և ունեցած ուսադիրների հավերժության գրավականն է: Իսկ Վարդան Հովհաննիսյանի հիրավի հերոսական այս աշխատանքը՝ «Ազատամարտիկի Հիշատակարան»-ը, գալիս է արդարացիորեն ջախջախելու եղած արգելանքը, ազատելու բանտված ճշմարտությունը և մոռացման թմբիրից վեր հանելու մեր անտեսված, բայց իրական ու փառապանծ Արցախյան հերոսներին...

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

06.02.2013 թ.

Բելգիա