ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՆԱՄԱԿԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Բարեւ տղերք... Մտածեցի ու որոշեցի նորից գրել, երեւի վերջին անգամ... Վերջին, որովհետեւ անիմաստ է գրել, առանց հասցեատիրոջ, գրել ոչ մեկի համար: Երեւի կարդալուց հետո կհասկանաք, որ սխալ եք ապրել, ու շարունակում եք սխալ ապրել: Տղերք, կան բաներ, որ ոչ ոք չի կարող ասել, սակայն ես կարող եմ ասել, որովհետեւ անքուն գիշերներ եմ անցկացրել խոնավ ու թաց խրամատներում, ձեզ հետ կիսել եմ սոված ու դժվար օրերը...

Ձեր մեջի կրտսերը ես էի, սակայն երեւի ավելի շատ ձեզանից իմացողը, որովհետեւ ի տարբերություն ձեզ, իմ բնազդը չէր խաբում, ի տարբերություն ձեզ ես գիտեի, թե որից հետո, որը պետք է գա կամ լինեի... Բայց դուք սխալվեցիք տղերք, քանի որ ինչի որ հասանք, միգուցե ձեր մեղքով... Դեռեւս այն ժամանակ 90- ականների սկզբին հազար անգամ ասում էի, որ սխալ է մեր բռնած ճանապարհը, սակայն ինձ` ձեր կրտսեր ընկերոջը համարում էիք տաքարյուն եւ խենթ պատանի, Ինչու՞մն էր իմ խենթությունը եւ տաքարյունությունը, երբ ձեզ առաջարկում էի կանխել եկող վտանգը, որը աղետալի է լինելու երկրի ու ժողովրդի համար: Իմ առաջարկած ճանապարհը չկարողացաք դարձնել սկզբունք, քանի որ չէիք գիտակցում, որ դա իմ սկզբունքը չէր, այլ մեր Ազգային Գաղափարախոսության: Չգիտակցեցիք եւ միջոցներ էլ ձեռք չառաք, որդեգրել ճշմարիտ քաղաքականությունը: Ձեզ քանի՜, քանի՜ անգամ համոզում էի եւ բացատրում, որ սխալ ենք թույլ տալիս, եւ սխալը սխալի վրա կուտակվեց եւ դարձավ սխալների հեղեղ, որի միջից դժվար է դուրս գալ: Միասին անցանք բոլոր ճանապարհներով, բոլոր մարտերում էլ նայեցինք մահվան ու կյանքի աչքերին, սակայն դեռ կրտսեր ընկերոջ առաջարկած ճանապարհը մնաց այդպես էլ անհասցեատեր...

Դեռ այն ժամանակ, Օպերայի նստացույցերում երդվեցինք, որ հավատարիմ կլինենք մեր ուխտին, հավատարիմ պիտի լինենք պայքարին, երդվեցինք, որ պիտի հաղթենք, սակայն պարտվեցիք... Ինչու՞ պարտվեցիք, եւ ոչ թե պարտվեցինք... Որովհետեւ դուք պարտվեցիք, միայն ոչ ես... Ես մնացի առաջվա պարզ ու հաղթական ու ձեր ասած խենթ ու տաքարյունը, ( բայց ոչ պատանին, Իսկ դուք պարտվեցիք տղերք, ջախջախվեցիք ու միայն ձեր գործած սխալի համար:

Տղերք, գիտեք, որ ձեր կառուցած երկիրը սխալ էր, ինչու՞ ձեր, որովհետեւ ես այսպիսի երկիր չէի ուզում, բազմիցս անգամ ձեզ առաջարկել եմ, որպեսզի մաքրենք մեր միջի աղբը, որպեսզի կարողանանք կառուցել ամուր պետություն, բայց դուք չլսեցիք... Չլսեցիք, որովհետեւ մեր կողքին ծպտված « ընկերն » է, որը մեջներիցս ավելի բարձր ձայնով պիտի երգեր`

Ելնենք սարերը, սարերը Սասնա,

Ելնենք, որ Հայոց զորքը զորանա,

Չէ տղերք, նա չէր ուզում, որ մեր զորքը զորանա, նա ուզում էր որպեսզի իրեն մարդատեղ դնենք, նա ուզում էր, որ մեր մեջ ծպտված իր գործերը առաջ տաներ: Սրա-նրա ետեւից բամբասելով ու ընկերոջ տակը քանդելով իր մաշկի մասին էր մտածում: Տղերք, մեր սխալը հենց այստեղ էր, որ կարողանաինք զանազանել կեղծավորին ու դավաճանին: Պիտի հասկանաինք, որ յուրայինի անվան տակ հազար մորթապաշտ տականք կար մեր կողքին... Գիտեք տղերք, թե երբ իմացա, որ սխալ է ամեն ինչ... Այն ժամանակ դեռ 88- ի վերջերին, երբ աչքովս տեսա, թե աղետյալ գոտու համար նախատեսված օգնությունը ինչպես է թալանվում: Այն ժամանակ, երբ աշխարհի ամենահեռավոր երկրի բնակիչը ողբում էր ու կարեկցում էր մեր ցավը, մեր տականքը թալանում էր, թալանում էր դաժանորեն, անխղճաբար... Գողանալով այն ծածկոցները, որոնք պետք է տաքացներին աղետյալ մանուկներին, թալանում էին սննդամթերքը ու դեղորայքը, որոնց կարիքը կար, բայց թալանեցին ամենը ու ամենքը: Թալանեց ոստիկանը, թալանեց կոմունիստն ու կոմսոմոլը, ՀՀՇ-ականն ու դաշնակը... Թալանեցին ազգադավ տականքները... Ու այնժամ հասկացա, որ ամեն ինչ սխալ է: Սխալ ենք կառուցում այն հիմքը, որը պիտի կոչվեր պետականություն: Քանի որ մինչեւ պետություն կառուցելը, պետք է հրապարակներում, օրը ցերեկով գնդակահարեինք այն թալանչիներին, որոնք անկուշտի պես կողոպտում էին աղետյալներին... Պետք է գնդակահարվեին անկախ պաշտոնից ու տարիքից, լիներ դա պահեստապետ, թե նախարար, որպեսզի մնացածին դաս լիներ, որ աղետի պահին պետք է միասնական լինենք, որ թալանչին ու գողը տեղ չունի մեր հասարակությունում: Գիտեք մենք չարեցինք դա եւ հենց այստեղից էլ դրվեց ԱԼԱՆ-ԹԱԼԱՆԻ սկիզբը, քանի որ անկուշտները շարունակեցին իրենց հաղթարշավը: Հետագայում էլ ծախեցին Խորհրդային Հայաստանի շարժական եւ անշարժ գույքն ու ողջ հարստությունը: Այս անգամ նրանք թալանեցին մեր կողքին, մեր անունից, մենք լռեցինք... Սակայն պիտի հասկանաինք, որ երկրի շահը այլ բան էր պահանջում... Դուք լռեցիք, իմանալով, թե ով ով է... Թիկունքից մեզ ոչնչացնում էին, դուք լռեցիք, որովհետեւ չէիք հավատում լսածներին, չէիք հավատում անգամ տեսածը... Տղերք, ինչ ուզում եք ասեք... Դուք սխալ սարքեցիք այս պետությունը...

Ես չէ, դու՛ք, քանի որ ես չեմ ցանկացել, որպեսզի ոտնատակ տան իմ դրացուն և հարեւանին, անպատվեն ու կողոպտեն անճարին... Եվ երբ հասկացա, որ իմ տեղը այդ երկրում չէ հեռացա, քանի որ ուշ էր որեւէ բան փոխել... Հասկացա, որ իմ միտքը այդ երկրի համար չէ, հասկացա, որ ավելի լավ է լինել հայրենիքից հեռու, ազատ -անկախ, քան թե հայրենիքում` անբարոյականության ճիրանների մեջ: Անբարոյականություն... Դա եղավ ձեր լռության պատասխանը... Դուք լռեցիք, երբ պետք էր խոսեիք, դուք մնացիք անշարժ, երբ պիտի գործեիք... Հիմա տղերք, ու՞մ եք մեղադրում... Մեր եղբայրներից շատերը հանգչում են Եռաբլուրում, սակայն գիտեմ, որ տեսնում են իրենց ընտանիքների ողբալի վիճակը: Նրանք չկարողացան ոչինչ անել, բայց մենք կարող էինք անել, որպեսզի մեր զոհված ընկերոջ զավակները լքված չզգան... Կարող էինք, բայց չարեցինք, չարեցինք, որովհետեւ սխալ էինք կառուցում, որովհետեւ մեր մեջ ծվարած դուշմանը, մեր մեջ դավեր էր հյուսում, որովհետեւ նրանք գիտեին, որ մեր հզորությունը մեր միության մեջ է: Նրանք խախտեցին մեր միությունը, որակավորումներ տալով, բամբասելով, ոմանց էլ ոչնչացնելով... Մեր միջից մաքրեցին առաջնորդ տղերքին ու հրամանատարներին, որպեսզի լինենք թեւերը կտրած արծվի պես... Արծիվն առանց թեւերի արծիվ չէ, այլ հավ, երեւի հավից էլ սոսկալի, քանզի միայն մնում է վիզը քաշել ու վերջ: Գիտե՛ք տղերք, ստի եւ կեղծիքի վրա բարոյական, ուժեղ պետություն չես կարող կառուցել, երբ անբարոյական ,,միլիցեն,, դառնում է բարոյական ոստիկան, դա արդեն պարզ էր, որ աղետը մոտալուտ է... Ինչպես կարելի է մարդուն փոխել... Համազգեստ ու անուն փոխելով տականքը չի փոխվում, ինչպես ասում են ,, ոստիկան չեն դառնում, ոստիկան ծնվում են...,, Ինչու հիշեցի նրանց կհարցնեք երեւի, Որովհետեւ այն ժամանակ, երբ տականք ոստիկան կոչեցյալին, բերեցին ու դրեցին ձեզ հրամանատար ու ղեկավար, արդեն պարզ էր, որ ինչ է լիելու... Նրանք ողջ կյանքը թալանել են, հիմա ինչպես կլինի, Անկախ Հայաստանի բանակի շարքերը մտնելով դարձավ բարոյական իր գիտելիքներով պիտանի սպա... Նույն ձեւով քրեական տականքները սողոսկեցին ու տեղավորվեցին տաքուկ տեղերում, որ յուղոտ պատառը իրենք լափեն: Ու մեր բանակի անկյունաքարը դարձան ՄԼԻՑԵՔՆ ու ՔՐԵԱԿԱՆՆԵՐԸ... Տղերք, մեր մեջքին խփելով նրանք պիտի կայանաին, պիտի ձեւավորեին իրենց գեներալական էլիտան:

Տղերք, մեր միջի տղաներից որը՞ դարձավ գեներալ, չկա, չէր կարող լինել, քանզի քաղաքական այրերը հենց իրենք էին նրանց կնքահայրերը, մեր թիկունքի ետեւում գործում էին պետության անունից, մեր մեջքի ետեւ խոսում էին ժողովրդի անունից... Մինչդեռ դուք գիտեիք, որ պետությունն ու ժողովուրդը դուք եք եւ ձեր ընտանիքները:

Տղերք, ես հեռացա դեռ այն ժամանակ` քսան տարի առաջ, եւ հասկացա, որ ճիշտ եմ արել, որովհետեւ իմ էությամբ ես մնացի նույնը, իսկ դուք փոխվեցիք, քանզի նախընտրեցիք լռել, տանելով ստորություններն, որոնք նախապատրաստել էին ձեր առաջնորդները: Ստորություն ու հալածանք, միայն դա տեսաք, ոչ մեծարու՛մ, ոչ էլ արժանապատի՛վ ծերություն: Ու դուք գիտեք, թե ով էր այդ ամենի մեղավորը, գիտեիք, բայց լռում էիք... Լռում էիք վախենալով, լռում էիք չուզենալով առանձնանալ մեծամասնությունից, Բայց դուք մեղավոր էիք, քանի որ մեծամասնությունը անտեղյակ էր, իսկ դուք ականատեսն էիք ու վկան: Ձեր լռությունը ծնեց հանցագործ իշխանություն ու սերունդ, ու դուք ծառայում էիք նրանց, դուք ծառայում էիք նրանց, ոչ թե ժողովրդին կամ պետությանը, նրանք են ձեզ այսօր ղեկավարում, նրանք են հրամաններ տալիս: Միեւնույն է տղերք, սխալվեցինք, ձեր գործած սխալը հնարավոր չէ շտկել, քանի դուք չեք հասկացել, որ սխալը ուղղելուց առաջ, պետք է ասել դրա մասին, պետք է գտնել այն բացիլը, որը տարածվելով մեր մեջ ձեւավորվեց ու դարձավ աղետի պատճառ: Ո՞վ էր... Ինչու՞.. եւ Ե՞րբ... Քանի այս երեք հարցերը շրջանցում ենք, մեզ մոտ ոչինչ չի կարող փոխվել: Ավելի ճիշտ ձեզ մոտ, քանի որ ես հեռու եմ այդ անբարոյականությունից, սակայն, միեւնույն է այդ վարակը ամենուր է, Եվրոպայում, Ամերիկայում, թե Ռուսաստանում... Հայի տեսակն է... Մենք չկարողացանք կառուցել մի պետություն, որտեղ բարոյականությունը կլինի երկրի անկյունաքարը: Այսինքն չչաչրախոսել ու չբամբասել, քիթը չխոթել ուրիշի գործերի մեջ, ապրել ձեր համար, չվնասելով շրջապատին: Այն ժամանակ ամեն ինչ կդասավորվի:

Տղերք, ձեզանից շատերը ծախվեցին, ծախվեցին բառիս բուն իմաստով, դավաճանելով ինքներդ ձեզ, ծախվեցիք կուսակցություններին, ծախվեցիք Լեւոնին ու Վազգենին, շատերն էլ ծախվեցին ուսադիրներին, պաշտոններին ու ժամանակին... Լռեցիք, երբ ծախեցին Շահույանն ու Արծվաշենը, շարունակում եք նույն անտարբերությամբ լռել նույնիսկ քսան տարի անց: Լռեցիք, երբ Հայրենական պատերազմը վերածվեց ԹԱԼԱՆՉԻԱԿԱՆ պատերազմի, երբ գեներալները ու զորավարներդ կողոպտում էին ինչ տեսնում էին, իրենց զինվորների արյան շնորհիվ հարտացան: Իսկ դուք լռում էիք ու լռում... Գիտեմ, դժվար է լսել մարտական ընկերոջից այս մեղադրական խոսքերը, բայց պետք է ասել, որպեսզի հասկանանք իրար, ովքեր ընդունում են ճշմարտությունը ինձ կհասկանան, վստահ եմ Եռաբլուրում հանգչող իմ ընկերները կհասկանան: Ես հեռացա հայրենիքից, որովհետեւ չգտա իմ տեղը գորշ շրջապատում, ինձ նման հարյուրավոր ազնիվ տղաներ հեռացան ցավը սրտում, վիրավորված, բայց երբեք չդավաճանեցին գաղափարին ու հայրենիքին: Ինչպես ասում են « Մի ծաղկով գարուն չի գալիս » Այո այդ մեկ ծաղիկը իմ պես տղաների ազնիվ գաղափարներն էր, որը մենք պահել ու փայփայել ենք, թույլ չենք տվել, որ տականքները տրորեն մեր ազնիվ գաղափարնեը: Եվ սխալը այն էր, որ շատերը մոռացան այն երդումը, լռեցին տասնամյակներով ու այդ լռությունը հանցանք էր, քանզի ձեր լռության ներքո հերոսացվեցին տականքներն ու դավաճանները, քանզի քո լռության ներքո բանակում դրվեց քրեական աշխարհի օրենքները, բանակում սկսվեցին սպանվել զինվորները: Քանզի ձեր լռության տակ գործեցին նրանք, որոնք պետք է գնդակահարված լինեին, որպես վնասակար տարր մարդկությանն ու հայրենիքին: Դուք լռեցիք, սակայն մենք ոչ, չլռեցինք քանի որ հայրենիքից հեռու ղողանջում էինք գալիք աղետի մասին, ղողանջում էինք կեղծված պատմության համար, ղողանջում էին սուտ հերոսների համար... Մենք աղաղակեցինք, սակայն մեզ լսող չեղավ... Ինչպես ստացվեց, որ մենք մոռացանք մեզ, մոռացանք դժվար օրերը, պայքարի տարիները: Մոռացանք, որովհետեւ այդպես էին ուզում մեր թշնամինները, որոնք մեր մեջ էին: Ինչպես ստացվեց, որ Ազատամարտիկներից մնաց միայն մի բուռ գաղափարի մարտիկներ, որովհետեւ նրանք մնացին իրենց գաղափարների հետ, չդավաճանելով իրենք իրենց, իսկ մնացածը ինչ արեցին, լռեցին իմանալով ճշմարտությունը... Կար ժամանակ երբ, հնարավոր էր շտկել սխալները, բայց այդ ժամանակը անցավ, դրանից հետո գալիս է լճացումն ու ճահճացումը... Երեւի կհիշեք, որ երիտասարդ ժամանակ մեզ ուսուցանում էինք պատմություն, որտեղ ճահճանում էր ֆեոդալիզմի ու մոնոպոլիզմի արատավոր երեւույթը: Արատավոր երեւույթ, որի մասին խոսել ու գրվել է բազմաթիվ գրքեր... Նարեկացուց սկսած վերջացրած Տեյրանով ու Չարենցով: Եվ ինչի՞ հասանք մեր անկախությունով, չարաղետ դասակարգային անդունդը բաժանեց մեզ բանակների, այդ բանակները չունեն ոչ մի գաղափարախոսություն քանի որ սոված դասակարգը պետք է հացի մասին մտածի, իսկ լափող դասակարգն էլ` լափելու: Այսքանից հետո, որտեղ է պետության ու ազգի իմաստը, երբ Մաճկալանց Դավիթներին պիտի բանակում սպանեն, իսկ Միկիտան Սաքոները ու Զիմզիմովները նրանց արյան հաշվին պիտի հարստանան: Հայրենիքը մեզ համար է հայրենիք, իսկ նրանց համար մի քսակ` եկամուտի աղբյուր: Ուրեմն ասացեք, որտեղի՞ց է սկսում հայրենասիրությունը: Դուք տղերք, կռվեցիք հայրենիքի համար, իսկ հիմա որտեղ է այդ հայրենիքը, նրանց գրպանու՞մ, թե՞ քո տանջահար հոգում: Հայրենասիրությունը դա սրբություն է, բայց դուք թույլ տվեցիք, որ կեղտոտ ոտքերով տրորեն ձեր սրբությունը, ձեր ազնվությունն ու համբերությունը: Ուրեմն էլ ում էր պետք այս անկախությունը, երբ պիտի տառապեն ձեր զավակները, նզովվեն ձեր կառուցած պետությունը:

Չգիտեմ կմեղադրեք, թե ոչ, սակայն ես ասացի, որովհետեւ բացի ինձանից ոչ մեկ իրավունք չուներ ասելու ձեզ այս ամենը... ես միշտ ՅՈՒՐԱՅԻՆ եմ, անկախ նրանից թե ձեր կողքին, եմ թե հեռվում... Ես միշտ ձեր ընկերն եմ, անկախ նրանից, թե դուք այն ուզում եք, թե ոչ... Ես միշտ մնալու եմ այն զինվորը, այն ոգով երիտասարդ տղան, որը իր հայրենակցի ցավով է ապրել, ապրում է ու կապրի: Կգա ժամանակ երբ կհասկանաք եւ կգնահատեք այս խոսքերիս իմաստը: Փորձեք չվատնել անիմաստ խոսքեր, չարժեզրկեք ազատամարտիկի խոսքը, քանզի նրա խոսքը ժայռի պես հաստատուն պետք է լինի... Կեղծիքով հնարավոր չէ ընտանիք կառուցել, ուր մնաց պետություն, այնպես որ գիտեք ինչից սկսել... Մենք գիտեինք, թե ովքեր մեզ ստորացրին ու խոշտանգեցին, որ ներքին թշնամու վնասը ավելի աղետալի եղավ քան արտաքին... Այնպես եղավ, որ մեզ հիմա կոչում են ՆԱԽԿԻՆ-ազատամարտիկներ, որովհետեւ այդպես սովորացրին սերնդին, մենք ՆԱԽԿԻՆ ենք. մեր հաղթանակները ՆԱԽԿԻՆ են, ու հարգանքը նույնպես, այնպես որ ավելորդ է ջանքեր գործադրրել, անիմաստ պայքարել, քանզի ՆԱԽԿԻՆՆԵՐՍ անպետք ենք... Որովհետեւ ազատամարտիկիներից շատերը չգիտակցելով կանգնեցին անիմաստ ՊԱՅՔԱՐԻԿ-ների կողքին, խամրեցնելով իրենց անունն ու փառքը, Դուք տղերք, մոռացաք ձեր առաքելությունը, քանզի պետությույնը միայն սահմանագիծը չէ, այլ թիկունքը, քանզի երկիրը միայն հողը չէ, այլ ժողովուրդը: Տղերք, դուք երդվեցիք, որ հայի արյուն չի թափվի, սակայն դուք մոռացաք մեր Արքաների ու Ֆիդայինների ժառանգություն թողած պատվիրանը, որ « ԴԱՎԱՃԱՆԸ ԵՐԲԵՔ ՅՈՒՐԱՅԻՆ ՉԷ » անկախ նրանից թե ինչ ազգություն ու դավանանք ունի, նա պետք է ոչնչանա երկրի երեսից: Իզուր չէ, որ դավաճանների գերդաստանները մեծից-մանուկ սրի էին քաշվում, որովհետեւ արյան գենետիկական այդ հատկությունը փոխանցվելու է նրանց ժառանգներին: Իսկ դուք ի՞նչ արեցիք, նրանց դավաճանությունը որակելով « ՍԽԱԼՄՈՒՆՔ » եւ հենց այդ սխալմունքն էլ դարձավ մեր գլխին փորձանք, այս սխալմունքն էր որ մեզ կործանեց, կործանեց անկախությունն ու բարոյականությունը: Եվ հիմա մեղադրել ժամանակին հանցանք կլինի, քանի որ ժամանակը մեզ հնարավորություն տվեց եւ դուք կորցրեցիք պահը, Կորցրեցիք պահը եւ վերջ: Երեւի Աստված եւս կտա մեկ հնարավորություն շտկելու անցյալի սխալը:

 

 

 

13/08/2014 ՎՀ Իսպանիա  

Escribir comentario

Comentarios: 3
  • #1

    Հասմիկ (jueves, 21 agosto 2014 14:44)

    Իսկ դուք եթե այդքանը հասկանում էիք ինչու՞ հեռացաք: Դուք, որ ձեզ համարձակ եք համարում, իսկ մյուսներին մեղադրում ինչ որ բան չասելու մեջ, ինչու՞ ինքներդ չասեցիք: Գուցե դա իրոք դժվար էր, ու դուք որոշեցիք, որ ավելի հեշտ ու անվտանգ կլինի գնալ հեռու և հեռվից ասել: Այստեղ շատերը մնացին ու մնացին մաքուր, ուրեմն դուք էլ մնայիք և շարունակեիք պայքարը: Իրական ազատությունն ու անկախությունը երբեք հեշտ չի տրվել: Դուք շատ մեծամիտ եք, եթե կարծում եք, որ դուք միակ ծաղիկն եք մնացել (մեկ ծաղկով գարուն չի գա): Շատ ազնիվ մարդիկ են այստեղ մնացել ու եթե ուրիշ բան էլ չանեն, միայն իրենց ներկայությունը փոխում է այստեղ մնացած հասարակության որակը: Իսկ դուք, փորձում եք արդարացնել ձեր փախուստը մեծամեծ խոսքերով, թե իրբ դա միակ միջոցն էր հավատարիմ մնալու ինքներդ ձեզ: Ուրիշի երկրում երբեք չեք կարող ինքներդ ձեզ հավատարիմ մնալ: Դա ամենամեծ խաբկանքն է, որով տառապում են բոլոր հեռացած հայերը:

  • #2

    Վարդան (domingo, 25 diciembre 2022 17:30)

    Ազատ ժամանակ գտիր կարդա, կարծում եմ հետաքրքիր ու կարեւոր է
    https://azatamartiki-hishatakaran.jimdofree.com/2022/12/23/%D5%A3%D5%B8%D5%B2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/?fbclid=IwAR3q42_J39Hmfy4OjRZKYaxfYd7UPdMLh0rYx5awBiHPnin5bQbdtrNt-Oc

  • #3

    Գեհենի Առաքել (lunes, 09 enero 2023 16:20)

    Տիկին Հասմիկ երևի ձեզ մոռացավ հարցնել հեռանալ թե մնալ։ Ինչու՞ եք կարծում, թե դուք խելամիտ եք ու հայրենասեր, ձեր արածը գուցե համեմատեք գոնե գրածին, ազատամարտիկներին ոտքի տակ տվեցիք քիչ էր, հիմա էլ ձեզ դրել եք հայրենասերի տեղ, ձեր նման քննադատներն էին, որ հլու հնազանդ Դեր Զորի ճամփան բռնած ոչխարավարի գնաց կոտորվելու, հետո էլ պետք է ազգի հզորությունից ու ազգային ոգուց խոսել, այնպես որ տիկին Հասմիկ կիսաբաց լուսամուտներ նայեք ու մի ջղաձգվեք։