ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ԵՔ ԽԱՌՆԵԼ


ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ԵՔ ԽԱՌՆԵԼ

 

http://www.louysworld.com/archives/17244

 

«Ազատամտություն» օրաթերթում և «Ազգային գաղափար» հանդեսում հաճախ ենք հանդիպում արհամարհական կամ վիրավորական արտահայտությունների, որոնք ուղղված են հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ ինչ-որ դեր ունեցած անհատներին: Այսօր Հայաստանում փորձ է կատարվում կոմունիստներից ժառանգություն մնացած մի մեխանիզմի տալ նոր որակավորում, ու նորից տաքացված ճաշի նման մատուցել ժողովրդին: Խոսքը «մաուզերիստի» ստերեոտիպի մասին է: Խորհրդային տարիներին սույն ստերեոտիպը մարդկանց մոտ առաջացնում էր երկու տիպի վերաբերմունք: Առաջինը, որը պետական պրոպագանդայի ցանկությանն էր համապատասխանում, զզվանք էր առաջացնում մարդկանց մեջ բոլոր այն հայորդիների նկատմամբ, որոնք հայրենիքի պաշտպանության անվան տակ փորձում էին սեփական նպատակներ հետապնդել՝ հարստանալ, կեղեքել և այլն: Իսկ երկրորդը, ինչպես միշտ՝ տոտալիտար հասարակարգերում, հակառակ պատկերն էր. եթե իշխանություններն այդքան սևացնել են փորձում մաուզերիստներին, ուրեմն մաուզերիստներին պետք է հերոս համարել:

Անկախության տարիների սկզբից այս ստերեոտիպը մոռացվեց: «Ասֆալտի ֆիդայի» տերմինը շատ ավելի ճշգրտորեն էր նկարագրում այն «երկիր պահողներին», որոնք Երևանում էին անցկացնում իրենց պատերազմական օրերը: «Ասֆալտի ֆիդային» զենք էր ստանում այս կամ այն կազմակերպությունից, գրանցվում էր այս կամ այն վիրտուալ ջոկատի կազմում, ապա մնում էր Երևանում: Եվ այդ զենքի միջոցով էլ հարստանում էր՝ կողոպտելով, շորթելով, խլելով ու սպանելով: Նա սկսում էր պատերազմական զոհողություններ պահանջել ժողովրդից: Ինչպես գիտենք, «մեր դեմ խաղ չկա»-ի փիլիսոփայության ակունքներում կանգնած այս երևույթն արժանանում էր ժողովրդի ամենաբացասական վերաբերմունքին, սակայն` ոչ ըմբոստացմանը: Որովհետև բոլորն էլ գիտեին, որ եթե փորձեիր այդպիսի մի ճիվաղի գլուխը ջարդել, ապա իշխանական օղակներում գտնվող նրա տերերը քեզ ամենայն դաժանությամբ կպատժեն: Նման անպաշտպանվածության ու անարդար միջավայրի պայմաններն էին արտագաղթի հիմնական պատճառը: Չկար կարգին պետության հեռանկար:

«Ասֆալտի ֆիդայիների» շարքերում կային նաև այնպիսիները, որոնք մի անգամ եղել են «ֆրոնտում» ու ստանալով վախ ու սարսափի մի խոշոր չափաբաժին` իրենց շունչն առել էին Երևանում: Այս տիպի «ասֆալտի ֆիդայիները», փաստորեն, «կռված տղեք» են: Գնացել են ճակատ, նկարվել են, հնարավոր է նաև, որ կրակած լինեն, ու դրա արժեքն այնքան մեծ է իրենց աչքում, որ այն փորձում են վաճառել հնարավորինս բարձր գնով:

Կան նաև երրորդ տիպի «ասֆալտի ֆիդայիներ», որոնց նախընտրելի է կոչել «վարձկան զինվոր»: Հաճախ ենք հանդիպում նման խոսքերի` «Ի՞նչ, կարո՞ղ է Մանվելը չի կռվել»: Պարզ է, որ նա երկար ժամանակ եղել է պատերազմում, ճակատին մոտ: Ու պարզ է, որ ոչ ոք չի կարող ուրանալ այն հանգամանքը, որ նա, իրոք, ինչ-որ դրական դեր ունեցել է պատերազմում: Սակայն հենց պատերազմի դաշտում ամենամեծ ջանքեր թափող տղաների շրջապատում էին Մանվելի ու նրա նմանների մասին պատմվում ամենահետաքրքիր անեկդոտները: Դրանց մասին Երևանում ոչ ոք չէր լսելու: Օրինակ, երբ Մանվելի ջոկատները, որոնց մեծ մասը կազմված էր վիճակ գցելու արդյունքում Արցախի ճակատում հայտնված դժկամ ոստիկաններից, գտնվում էին Ֆիզուլուց հարավ, նրանց դիմաց տեղակայված էին ադրբեջանական վիճակ գցած դժկամ ոստիկանները՝ սեփական մանվելի հրամանատարության տակ: Այս երկու մանվելների միջև ռադիոկապի միջոցով «գաղտնի համաձայնություն» էր կայացվել` «ախր ինչներիս է պետք իրար վրա կրակենք. երբ կասեն հարձակում, մեկս կամ մյուսս կնահանջի»: Այս ռադիոկապի մասին տեղեկացել էին դաշնակցականների գումարտակում, որոնք Մանվելի դիրքերին շատ մոտ դիրքեր էին զբաղեցնում: Ու այսպես, ամեն օր դաշնակցական մի քանի սնայպեր գնում էր Մանվելի խրամատները ու այնտեղից խփում մի քանի ազերի վիճակ քաշածների: Դրա հետևանքով սկիզբ էր առնում փոխհրաձգություն և այլն: Ի վերջո, Մանվելի ու դաշնակցականների միջև բախում տեղի ունեցավ, մի զոհ, և դաշնակցականներին Մանվելի կողքից հանեցին:

Այս դրվագը ամենահստակ նկարագրությունն է այն երևույթի, որ, այո, գոյություն ունեն «ասֆալտի ֆիդայու» տարբեր տեսակներ, որոնցից ամենավտանգավորները նրանք են, որոնք իրո՜ք մասնակցել են պատերազմին: Դրանով նմանները փորձում են մեր բերանները փակել: Սակայն սխալվում են, քանի որ մարդիկ հստակ տարբերակել գիտեն իրենց հերոսներին ու վարձկան զինվորներին: Հենց հերոսի խոնարհությունը ու մյուս կողմից վարձկանի կողմից ակնկալվող վճարը տարբերում են այս երկու կատեգորիաները իրարից: Հիշենք այն մեծածավալ թալանը, որ «ասֆալտի ֆիդայիներն» իրականացրեցին թե Արցախում` հատկապես ազատագրված տարածքներում, ինչպես նաև Հայաստանում, այն մետաղի ջարդոնի անվան տակ վաճառելով, երկար տարիներ արտոնյալ սեփականաշնորհման հնարավորություններով հարկեր չվճարելով… և այլն: Այս անխռով կյանքի երաշխիքը եղել է «հավատարմությունը» և ժամանակին մուծվելը իրենց շեֆ-սպարապետին:

«Ես կռված եմ» և «դուք բոլորդ ինձ պարտական եք» խոսքերը հատկանշում են վարձկանին: Իսկական հերոսը առանց ոչ մի ակնկալիքի է իր ազգն ու հայրենիքը պաշտպանում:

Այս իմաստով, տեսնում ենք բազմաթիվ հայորդիներ, որոնք, իրոք, Արցախյան ազատամարտի ժամանակ խաղացել են կարևոր դեր, ու մի պահ չենք էլ կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք նման հերոսական անձի նկատմամբ մենք պետք է ինքներս մեզ թույլ տանք բացասական որևէ արտահայտություն: Օրինակ, Սամվել Բաբայանը: Նա այն մարդն է, որ, երբ Արցախի պաշտպանական ուժերի գրեթե ամբողջական պարտության պայմաններում ոչ ոք չեր ցանկանում ստանձնել հայկական հուսալքված ուժերի հրամանատարությունը, իր մեջ այնքան ուժ գտավ, որ վերցնի այդ մարտահրավերը: Նա դարձավ հուսալքված ուժերի հրամանատարը ու այն վերածեց ոգևորված ու հաղթանակող մի ուժի: Նրա դերը բեկումնային էր: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ Սամվել Բաբայանը հերոսական ակտ է արձանագրել: Սակայն նույն Սամվել Բաբայանը հետո սկսեց նյութական միջոցներ կուտակել, գուցե քաղաքական նկատառումներով, գուցե` անհատական, սակայն հենց դրանով էլ իր հերոսական գործունեությունը վերածվեց վարձկանին հատուկ գործունեության: Ազգը նրան վճարեց: Ու այսօր նա հիշվում է ոչ միայն իր հերոսությամբ, այլև իր նյութապաշտությամբ: Այսինքն` նա հերոս չէ:

Սակայն «Ազատամտություն» օրաթերթը կամ «Ազգային գաղափար» ամսագիրը, կարծում ենք, որ պարտավոր են բացասականն ու դրականը համատեղ ներկայացնել, քանի որ գոյություն չունի աշխարհում որևէ մեկը, որը դարձի գալու հնարավորությունից զերծ է: Նույնիսկ չգիտենք, թե Շուշվա բանտից դուրս եկած Սամվել Բաբայանն ո՞վ է: Դուք կարծես փակում եք մարդկանց բարի գործունեության ճանապարհը, քանի որ հարվածն ստացածը պարզ է, որ պիտի ցանկանա հակադարձել: Օրինակ, բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանը տեղյակ է բազմաթիվ անցուդարձերից, որոնք խեղեցին հայ ազգի վերածննդի մեծ հնարավորությունը 1992-1994 թվերին: Նոր, ոչ նվազ նշանակալի հերոսություն կլիներ գուցե այդ բոլորը կիսել հանրության հետ, և ցույց տալ, որ ճշմարտությունը, որն արդարության հիմքն է, ավելի մեծ արժեք է ներկայացնում Սամվել Բաբայանի համար: Ես վստահ եմ, որ նման քայլով նա վերջնականապես ամրագրած կլինի իր հերոսական կերպարը: Նույնը չէ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի պարագան: «Ազատամտություն» օրաթերթն ու «Ազգային գաղափար» պարբերականը մեծ ջանասիրությամբ են պայքարում նրա դեմ: Միայն այն հանգամանքը, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում է հայտնվել, բավարար չէ, որ նրան ներկայացնեք բացասական ոճով: Նա իսկական հերոսներին է մաս կազմում, մարդկանց, որոնք Արցախյան ազատամարտին մասնակցել են` առանց որևէ վճարի ակնկալիքի: Ամեն մի հաղթանակը բավարար խրախուսանք է նա համարել: Ավելին, երբ որևէ նյութական առաջարկ է նրան կատարվել, նա կտրուկ հրաժարվել է դրանից:

Ավելի լավ կլիներ վերլուծել այն հարցը, թե ինչո՞ւ են Ժիրայր Սեֆիլյանի նմաններից ոմանք անցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը: Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում ապագա Հայաստանի ինչ-որ մշուշոտ, բայց ամեն դեպքում հետզհետե ավելի հստակորեն ուրվագծվող ապագա Հայաստանը պատկերացվում է: Այսինքն նրանք ասում են, թե ի՜նչ Հայաստան են ուզում, իսկ դուք ասում եք, թե ինչ Հայաստան չեք ուզում: Պատմությունն ապացուցում է, որ այս երկու ոճերից միշտ առաջինն է հաղթում: Կարծում եմ` հիմնական պատճառներից մեկ ուրիշը նաև հենց այն վերաբերմունքն է, որ «Ազատամտություն» օրաթերթն ու «Ազգային գաղափար» ամսագիրը դրսևորում են Դրաստամատ Կանայանին ու Անդրանիկին բացասական իմաստով` Վազգեն Սարգսյանի ու մանվելների հետ նույնացնելով: Ի վերջո, սուտ արժեքներից ձերբազատվելու միակ միջոցը անխտիր բոլոր արժեքների վերացո՞ւմն է: Դրաստամատ Կանայանը անձամբ առաջնորդել է իր խմբերին զինվածությամբ և քանակով իր ուժերից բազմաթիվ անգամ գերակա ուժերի դեմ: Ու նրա ոգևորող ներշնչանքը բավարար է եղել հաղթանակի ապահովման համար: Վազգեն Սարգսյանը նոր տարվա իր « բարի մաղթանք ֆրոնտիցը» նկարահանել է Նորքի անտառում: Անդրանիկը ոչ միայն ապացուցել է, որ կարելի է պարտիզանական կռիվ տանել թուրքական հզոր բանակի թույլ կողմերին հարվածներ հասցնելով, այլև ապացուցել է մի մոռացված բան, որ հայ մարտիկը 10-20 թուրք զինվոր արժի նաև վճռական ու ճակատային բախումների ժամանակ: Վազգեն Սարգսյանը հենց որպես «ռազմական առաջնորդ» ստեղծվել է, որպեսզի Մովսես Գորգիսյանը կամ Վիտյա Այվազյանը չդառնան հայկական ջոկատների ղեկավար: Անդրանիկը, հակառակ ռուսական բանակի ղեկավարության ցանկության, ազատագրել է Վանն ու փրկել տեղի հայության մի հատվածի կյանքը: Իսկ Վազգեն Սարգսյանը հրամայել է Վարդենիսում տեղակայված Հովսեփ Հովսեփյանին հանկարծ չգրավել Քելբաջարը (որին Հովսեփը բարեբախտաբար չի ենթարկվել): Դրաստամատ Կանայանը ոչ մի ճակատամարտ չի պարտվել: Իսկ Վազգենը կամ Մանվելը ոչ մի ճակատամարտ անձամբ չեն էլ տեսել: Անդրանիկն ու Կանայանը գաղափարական մարտիկներ էին: Երկուսի համար էլ գոյություն ուներ ապագա մի Հայաստանի պատկերացում, որն իրականություն դարձնելու նպատակով նրանք ջանք ու ճիգ չէին խնայում: Մանվելի, Վազգենի ու նմանների մոտ միակ գաղափարը սեփական հզորությունն ու հարստությունն էր, որը ձեռք են բերել եղած շեն Հայաստանը տկարացնելու գնով: Ո՞նց կարելի է, «մաուզերիստ» կամ «ասֆալտի ֆիդայի» ստերեոտիպին դիմելով, նման տականքներին համեմատել հայ ազգին նոր շունչ տված երկու հերոսների հետ: 1996-ին ժողովրդի վրա կրակող Վազգեն Սարգսյանի ու կամովին իշխանությունը բոլշեվիկներին հանձնող Կանայանի վարքում նույնությու՞ն եք տեսնում: Կանայանի, Անդրանիկի ու Նժդեհի նմանների գործունեության արդյունքում չէ՞ր, որ մենք ունեցանք մեր սեփական պետությունը: Ու Նժդեհը մահացավ բանտում՝ աղքատ: Անդրանիկը` նույնպես աղքատ: Ո՞ւր էին նրանց «թալանած» փողերը: Իսկ Կանայանը, լինելով հարուստ ընտանիքի զավակ, նյութական ոչ մի արժեքի կարևորություն երբեք չի տվել: Հարյուրավոր միլիոններ դիզած մանվելների ու վազգենների հե՞տ եք նրանց համեմատում:

Անշուշտ կարելի է ենթադրություններ անել, թե` եթե 1918-1920 թթ. Ժամանակահատվածում Դրաստամատ Կանայանը ունեցել է մեծ իշխանություն և հեղինակություն, ուրեմն նա անպայման վազգեն սարգսյան է դարձած եղել: Սխալ է այս մտածելակերպը, քանի որ փաստերն ապացուցում են, որ նրանք երկու իրարից շատ տարբեր մարդիկ են եղել: Ամոթ է անգամ նրանց իրար հետ համեմատելը: Ո՜չ Անդրանիկը, ո՜չ էլ Կանայանը վարձկաններ չեն եղել, ու չեն թալանել ամբողջ ազգը` իրենց կատարած հերոսությունների դիմաց որպես հատուցում: Ու դրա վառ ապացույցը կարծում ենք կլիներ այն, որ նրանք առաջնորդել են իրենց զինվորներին, և ոչ թե` ուղարկել: Նախ իրե՜նք են վտանգվել ու իրենց օրինակով կերտել են հայ հերոսի վարակիչ կերպարը, որին պիտի հետագայում հասնեին Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդը, Ասկոլկան և ուրիշներ: Նույն կերպ, այսօր, Արցախյան ազատամարտի ավարտից 14 տարի հետո, բարոյական ամենատարրական պահանջն այն կլինի, որ հստակ զատորոշում կատարենք վարձկանների ու հերոսների միջև: Նրանց միջև, որոնք պատերազմից հետո, սեփական հերոսությունները համարելով բնական հայրենասիրական դրսևորում, շարունակում են իրենց սեփական բնականանոն կյանքը (ինչպես օրինակ Արկադի Տեր-Թաթևոսյանն ու Արկադի Կարապետյանը և ուրիշներ ), և նրանց, որոնք տարբեր շուկաների, պետական այգիների, մայթերի, մանկապարտեզների ու կլինիկաների սեփականաշնորհումն են կատարել ու տարբեր տիպի ջիպերով փորձում են մեզ զարմացնել: «Ազատամտություն» օրաթերթին և, հատկապես, «Ազգային Գաղափար» հանդեսին առաջարկում եմ, անգամ մի քիչ ավելի ճգնելու գնով, քննարկումներ ծավալել ազգային գաղափարախոսության շուրջ: Այս բանն ասում եմ, որովհետև հստակ է, որ այս պարբերականներում գոյություն չունեն արգելված նյութեր: Առանց անցյալի ճիշտ գնահատականի, չենք կարողանալու ներկա քաոսը ըմբռնել: Ու առանց ներկան ըմբռնելու` ո՞նց ենք պատկերացնում ապագան: Բոլոր ազգերն էլ անցել են արժեքների ու նպատակների նման քաոսի միջով: Պարզապես նախ պետք է ընդունենք, որ այդ քաոսը գոյություն ունի, ապա փորձենք համադրել, թե ի՞նչ արժեքային համակարգի հիմամբ է, որ մենք կկարողանանք հայկական պետականության գոյապահպանումն ու զարգացումը ապահովել: Պարզապես, սկզբնական ժամանակահատվածում, հարկ է դրսևորել մեծ հանդուրժողականություն` նպատակ հետապնդելով մի պարբերականի սահմաններում ներգրավել ազգային խնդիրների համար այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն թե՜ անհատի երջանկության համար անհրաժեշտ դրույթները, թե՜ պետության անվտանգության պահանջները և թե՜ ազգային նպատակները: Քաղաքական սպեկտրի միայն մի դաշտում ճշմարտությունն ասելը չի նշանակում նոր հասարակարգ կառուցել:

 

Ազատ

 

Оставить комментарий

Комментарии: 0