ՍԻՐՈ   ԵՐԿԵՐ

   ՍԻՐՈ    ԽՈՍՔԵՐ

 

Սիրո   խոսքեր    թե   որ    ասես`

Այդ   խոսքերից    կառնեմ   թեւեր,

Ու   կնվաճեմ   ես   բարձունքներ:

Սիրո    թե    բառ   ասես`

Նորեն–նորեն    աստղաբույլեր   ցած   կբերեմ,

Եւ   քեզ    կտամ   սիրտս    հավետ:

 

1/04/2009 թ. Պիկասենտ Իսպանիա

 

 

 

 

                    ՍԻՐԵԼԻՍ

 

 

 

 

Բաց   արիր   սիրտս   ու   ներս   մտար,

Մտար   բերելու   գարուններ   հավերժ,

Գույների   մի   ողջ   համաստեղություն`

Ալպյան   լեռների   հովերը   բարակ,

Ու   դու   փոխեցիր   պտույտն   աստղերի,

Եւ   հոգիս   եռաց`   եղավ   երկրաշարժ`

Լավայի   նման   դուրս   ժայթքեց   սերը,

Եւ   առասպելական   Ամուրն   իր   նետով`

Անվրեպ   դիպավ   հենց   նշանակետին,

Ու   խոցված   սրտիս`   կապեց   ծիածան:

Սիրո   գույներով   ներկվեցին   անգամ

Լեռներն   ամպած`   բարձր   Տավրոսի,

Ու   սրտիս   տպվեց   զարդեր   նախշազարդ`

Ինչպես   նկարում   Թորոս   Ռոսլինի,

Ծաղկազարդ   դարձավ,   դարձավ   ելեւէջ,

Ու   երգի   նման   մեղմիկ   սավառնեց

Գյուլիստաններում   սիրո   պարտեզի,

Ու   Սայաթ-Նովայի   քամանչի   նման

Սիրտս   կդողա   ու   կգովերգի`

Քո նուրբ   կերպարը  իմ   երազների:

 

 

 

27/03/2009 թ. Պիկասենտ   Իսպանիա

 

              

                     ԻՆՉՔԱ՜Ն  ԲԱՌԵՐ

 

 

 

 

Ինչքա՜ն   էլ   բառեր   ասեմ   քեզ   համար,

Քիչ   կլինի,   սակայն   ինձ   համար...

Ինչքան   գովերգեմ   ու   փառաբանեմ,

Տիեզերքից   էլ    աստղեր   բերեմ`

Շատ   չի    լինի   նորից   քեզ   համար:

Թե   որ   լռեմ    եւ   ոչինչ   չասեմ,

Քո   կարոտ   սիրուց    կբոցավառվեմ

Սիրո    փոթորկի    հողմապտույտում,

Հայտնված   խենթիս   փետուրի   նման

Կհանի   երկինք    ու   աղաղակով,

Ի   լուր   աշխարհի   նորից   կգոռա`

Գովերգի՛ր   նրան   քո    ամբողջ   սրտով...

Բառերի   շարան`   երգեր,   պոեմներ,

Թեկուզ   ես   գրեմ`  Սե՛ր   իմ,   քեզ   համար,

Սակայն   քիչ   կլինի,   Սե՛ր   իմ,   ինձ   համար:

 

 

 

29/03/2009 թ. Պիկասենտ   Իսպանիա

 

                    ՄԱ՛ՅՐ,   ԻՄ    ՍԻՐԵԼԻ՛

 

 

 

 Մա՛յր    իմ,   սիրելի,   դու  գիտես   որդուդ`

Իմ   սիրո   վրա   կասկած   չունենաս,

Բառերով    չէ,  որ    պետք   է   քեզ   ասել,

Որ   իմ   սերը    դարձավ   սիրո    շատրվան:

Այդ   սերն    էր,   որ   ինձ   պայքարի   տարավ,

Որ   բազում   մայրեր    էլ   լաց   չլինեն,

Ես    Քեզ   սիրել    եմ`  սիրում    եմ   ընդմիշտ`

Ոչ   մի   որդի   չի   սիրել    այսպես,

Եւ   իմ    խենթ    սիրով

Քեզ    միշտ   պաշտել   եմ   կյանքիցս   առավել:

 

 

1/04/2009թ.  Պիկասենտ   Իսպանիա

 

                ԿԱՐՈՏԵԼ    ԵՄ    ՔԵԶ

 

 

 

Երբ   ասեմ,   որ    կարոտել   եմ,

Ինքս    էլ   չգիտեմ`  ճի՞շտ   է,   արդյո՞ք,

Բայց   կա   մեկ   բան`  մեկ   ճշմարտություն,

Երբ    հիշում   եմ   քեզ,   անդորրս    է   խախտվում,

Արյունն   է   կանգնում    իմ   երակներում.

Ինչի՞ց    է    արդյո՞ք`   ես    չեմ    հասկանում:

Մտքերում    գալիս   ու   շարքով    անցնում

Տեսարանները   մեր   ջերմ   հուշերի,

Թախիծն    էլ   կարծես   շղարշ   է   բերում`

Իմ    հոգուս   վրա   խենթ    սիրահարվածիս:

Սիրտս   կարոտից    լացում   է   ասես`

Ջութակի   նման   մեծ   Պագանինիի,

Սիրո    տավիղն   է    քնարերգ   երգում`

Հեռու   սիրածի   բաժանման   դարդից:

Խավար   ու   ցուրտ   զնդանում  գերի

Գալիս    է   մտքիս   քո    պատկերը   լույս,

Ու   առաջնորդում   արահետով    ջինջ`

Մանուշակների    չքնաղ    պարտեզով,

Տառապած   սրտիս    հանգիստ    է    իջնում`

Ես    սիրու՛մ    եմ    քեզ    ու    շատ   կարոտում:

 

 

 

1/04/2009 թ. Պիկասենտ   Իսպանիա

 

 

                  

                   ՄԵՆԱԿ    ԵՄ    ԵՍ

 

 

 

 

 

 

Մենակ   եմ    ես`  տխուր,   հեռու,

Իմ    մտքերում   ես    ամեն   անգամ

Դու   ես    քո   աչքերով`  պայծառ,   ժպտուն,

Քո   ժպիտը`   սիրով    լեցուն:

 

Կարոտել    եմ    քեզ,   սիրելի՛ս`

Իմ   անգին   սեր,   տիեզերական,

Աստղաբույլ    իմ    երազի,

Սրտիս   թրթիռ   անզուգական:

 

Հեռու    եմ    ես,   բայց   մտքերով`  էլի    քեզ   հետ,

Մենակ   եմ    ես`  երազներով   քո   ջերմ    գրկում,

Փափագում   եմ    կրկին   օրն   այն   բաղձալի,

Երբ   կհպվեն    իմ   շուրթերը    քո   շուրթերին:

 

Դու   կենսատու   այն    երակն    ես,

Որի   զարկով   արթնանում    է   բնությունը…

Սիրում    եմ   քեզ,   որ   տվեցիր   դու   իմ    սրտին

Երկու  սիրո   մեծ   մարմնացում:

 

Առաջինը`   որդիս    է`   չարաճճի    իր   հայացքով,

Իսկ    երկրորդը`   հեզիկ,   նազիկ   իմ    աղջիկն   է`

Երկու   սիրո    մարմնացում`

Արժանի   ես,   դու   իմ   սիրուն...

 

Դու    լալիս    ես`    ես   զգում    եմ    դա...

Սակայն,   Սե՛ր   իմ,    շատ    մի՛   տխրիր`

Չարը    կանցնի,   կգա    բարին

Եւ   կլինենք    մենք   միասին:

 

Բայց    ուզում    եմ,   որ   իմանաս,

Քեզ   սիրում    եմ`   սիրում     այնքան,

Որ   պատրաստ    եմ    կյանքիս    գնով

Հարթել    ճամփան    երջանկության:

 

 

25 /04/2009 թ. Պիկասենտ   Իսպանիա

 

              ԼՈՒՅՍ     ՏԱՐOՐԻՆԱԿ

 

 

 

 

Լույսը     բացվում    է    տարօրինակ`

Տարօրինակ    է,   որ    չկաս   կողքիս,

Չկա   վարսերիդ   շփումը    դեմքիս,

Ու   քո   մատների   հպումը   կրծքիս:

 

Ժամանակն    ահա   անցնում   է   դանդաղ`

Մեկ    շաբաթ   է   անցել,  գուցեեւ,

Բայց    ինձ   թվում    է   մի   հավերժություն`

Մեկ   դար   է   կարծես`   չեմ    տեսել   ես   քեզ:

 

Եւ   ժամանակն   ահա   խոցում    է   հոգիս,

Կարոտն   էլ   սրտիս   դարձել    է   մի   բեռ,

Ու   իր   ծանրությամբ   ճնշում   է   մտքիս`

Որ   ես   մոռանամ   մեր    ժամերը   գարնան:

 

Քո   սիրուց   ահա   դարձել   ուրվական,

Ու   մտքով   անձայն   սավառնում   քեզ   մոտ,

ՈՒր   քնած   ես   դու`  սեր   իմ,   տառապած,

Գալիս    եմ   ես   լուռ   ստվերի   նման:

 

Եւ   շոյում    եմ   Քո`  աչքերը   փակված,

Իմ   ուրվականի   ձեռքերով    անտես:

Մատներով   կամաց   հպվում   եմ   դրանց,

Ու   զգում   նրանց   թախիծն   ամփոփված:

 

Շոյում    եմ   ես   քո   վարսերը   գանգուր,

Եւ   զգում   դրանց   բուրմունքը   հոտավետ,

Ու   համբյուր   տալիս   շուրթերով    իմ    չիք,

Իմ    երազանքների   շուրթերին    փոքրիկ:

 

 

 

30/04/2009թ.  Պիկասենտ

 

                    ԴՈԻ՛,    ԻՄ     ԱՆԹԵՐԻ՛

 

 

 

 Փակում    եմ    աչքերս    եւ   միտս    է    գալիս

 

Քո   պարանոցի   հոտը   բաղձալի...

 

Հիշում    եմ    վառվռուն   փայլը   ժպիտիդ,

 

Ու   խոնհարվում    եմ   ես    Մեծ   Արարչին,

 

Որի   պարգեւն   ես,   սեր   իմ,   անթերի:

 

Հիշում    եմ    նաեւ   շփումը   ձեռքիդ...

 

Կտայի   ամեն   ինչ   նորից   լինելու

 

Քո   աստվածային   գրկում    ցանկալի`

 

Եւ   հանգչեի    խաղաղ   գրկիդ   դրախտում:

 

Հեզիկ    քայլվածքիդ  կարոտել    եմ   ես`

 

Գուրգուրանքներիդ   քո    բաքոսական,

 

Օ՜,   Տեր    Աստված,  մեղք    է   համարել,

 

Նա    էլ    Քեզ    նման    տվեց    աշխարհին

 

Զույգ    հրաշամանուկ    Աստվածանման:

 

 

 

 

28/03/2009 թ. Պիկասենտ    Իսպանիա

 

                   ՔՈ   ԱՉՔԵՐԸ

 

 

 Թող    որ    սուզվեմ    իմ    էությամբ

 

Քո՛    աչքերի   երանգներում.

 

Գտնեմ   գույնը    անզուգական    քո    աչքերի...

 

Քո՛    աչքերի    երանգներում    ես    կգտնեմ

 

Գույնը   անծայր    օվկիանների:

 

Քո՛  աչքերի   երանգներում   ես    կգտնեմ

 

Գույնն    անվերջ   Ամազոնի,

 

Քո    աչքերում    ես   կգտնեմ

 

Սահարայի   գույնը    խանձված,

 

Եւ   զանազան   գույների    մեջ   ես   կգտնեմ

 

Խորհրդավոր  փայլն   անգամ   գիսավորի:

 

 

 

26/03/2009թ.   Պիկասենտ   Իսպանիա

 

 

 

 

                    ԳՈՒՍԱՆԻ    ՆՄԱՆ

 

 

Գուսանի   նման   սրտումս    ցավ    ունեմ`

Գրչիս   եմ   տվել    դարդս    անսահման.

Ինքս   էլ   չգիտեմ`   ինչեր    եմ   ասում,

Գրիչս    ինքն   է   իմ   տեղը   խոսում:

Դարդից  է,   որ   նա   լեզու  է   առել,

Դժբախտ   ասպետիս   զինակից   դարձել,

Ապավինում   է,   որ   այս    դաժան   կյանքում

Կարոտած   սրտի   իմ   սերը   երգեմ:

Ապավինում    է,  որ   հույսով   ապրեմ

Ու   սիրո   երգերով   Պոետ   ես   լինեմ:

Պոե՛տ   ասացի`  նրան   հիշեցի...

Նա   էլ   ինձ   նման  խուլ   մենաստանում`

Դժբախտ   սիրո  իր   երգն   էր  երգում;

Այս   օրհասական,  դժվար   պայքարում

Դարձի՛ր   դու   զենք,   դարձի՛ր   նիզակ,

Դարձի՛ր   կայծակ   թուր   կեծակին,

Դարձի՛ր   մի   շանթ  ժամանակին,

Ու   հարվածի՛   ամբողջ   ուժով

Լպիրշ   մարդկանց   գորշ   ճակատին,

Ու   թո՛ղ   հաղթի   ընդմիշտ   բարին:

 

 

 

 

28/03/2009 թ.  Պիկասենտ   Իսպանիա

 

 

                  ԻՄ     ՍԻՐԵԼԻ     ԷԱԿԻՆ

 

 

 

 

 

Օ՜,  դու   իմ   հրեշտակ` էակ  երկնային,

Թող    որ   ննջեմ   քո   կրծքի  վրա,

Ու   թող   մոլորվեմ    քո    գանգուրների   լաբիրինթոսում`

Ընդմիշտ   մոլորվեմ,  կորչեմ,   չքանամ...

Ա՜խ,  իմ    հոգյակ,  թե   որ   իմանաս,

Որքան   եմ   ուզում   կենակցել   հիմա

Քեզ    հետ   դիցուհիս`  հեթանոսական,

Եւ   այդ   հեշտանքի,   վայելքի   մեջ,

Թող   որ   ես   քեզ   սիրեմ   մինչեւ   լուսաբաց:

Եւ  մերձեցումի   այդ   համբույրներում

Թող   որ   վայելեմ   կիրքդ   սիրառատ,

Ու  քո   կրծքերի  փոքրիկ   դրախտում`

Թող   որ   խաղաղվի  հոգիս   փոթորկված:

Ծորացող   սիրո   վայելքի   մեջ  խենթ,

Ես   կսավառնեմ  յոթ   երկնքների  երկնակամարում,

Ու  քո   ձեռքերի   հպումից   թավշյա`

Քվազիմոդոյի   պես   ես   կխելագարվեմ,

Եւ   դարձած  փոքրիկ   քրտինքի  կաթիլ`

Կամաց   սահելով   քո   պարանոցից

Վերից   վար   դանդաղ   հանգիստ  կսողամ,

Որ   վայելեմ,  համը   քո   մաշկի:

 

.

 

28/07/2009 թ. Պիկասենտ  Իսպանիա

 

                       ՍԻՐՈ    ԼՈՒՅՍ

 

 

 

 

Լուսամփոփի՜   պես    աղջիկ՝   աստվածամոր    աչքերով,

Թոքախտավոր,    թափանցիկ,   մարմինի՜   պես    երազի,

Եղիշե    Չարենց

 

« Լուսամփոփի՛   պես   աղջիկ... »   Հիշու՞մ   ես   արդյոք

Տողերը   գրած   մի  մեծ  Պոետի,

Չգիտեմ`  ինչու՞   գալիս   են   մտքիս   եւ   քեզ   եմ   հիշում.

Երեւի    ես   էլ   պոետի   նման   հոգումս    զգում   եմ

Խավարում   փայլող    իմ  « Լուսամփոփին »:

Իմ   լուսամփոփի՛ն`   խավարում   մթին,

Որ   շառագունում,   դառնում  է   փարոս   իմ   մորմոք   սրտին:

Քո   անշեջ   լույսի   հրավառ   գույնով`

Երանգ   ես   բերում   գորշ   շրջապատին,

Մեծ   Պոետն  էլ   է   նույնը   զգացել,

Ինչ  որ   զգում  եմ  հիմա  երեւի:

Քո  ջերմ  շփումից,  կարոտից  կարծես`

Ուզում  եմ  գոռալ,  ի  լուր աշխարհի`

Դու  իմ  փարոսն   ես,  սպասված  լույսն   ես,

Օվկիանից   դարձող  խեղճ  մոլորվածիս:

 

 

27/03/2009 թ. Պիկասենտ   Իսպանիա

                    ԴՈՒ՛,  ԻՄ   ԼԵՌՆՈՒՀԻ՛

 

Լեռնուհի,   իմ   թանկագին

Քո    շանթահար   հայացքին`

Ջահել   սիրտս   ալիքվեց,

Մոլորվեցի    ես   իսկույն

Քո   խոսքերից   սիրահեզ:

Դու  լեռների   մի   եղնիկ,

Ես   էլ   մի   խենթ   կարապետ,

Վայելքների   հովիտում`

Սիրուն    տրվեցինք   խելահեղ,

Ու   հալվեցի   մոմի  պես`

Քո  կրծքերին   սիրակեզ,

Վայելելով   մինչեւ  վերջ`

Քեզ   լեռնուհիս,   սիրահեզ...

Առանց   խոսքեր   ասելու`

Բաժանվեցինք   մենք   անձայն,

Ճակատագիրն   է   մարդու`

Վերեւից   այդպես   էր  կարգված...

Անցան   երկար   տարիներ,

Հանդիպեցինք   մենք   կրկին,

Էն   եղնիկը   թռվռան

Արդեն   մի   կին   էր  դարձել:

Ու  հիշեցինք   օրերը   հին,

Ճակատագիրը   մեր  խելառ,

Որը   հուշ   է   մնացել,

Մեր   մտքերում   անմոռաց:

 

17 /04/2012 թ.  


                      ԼԵՌՆԵՐԻ    ՄԱՆՈՒՇԱԿ

 

 

Դու   լեռների  մանուշակ,

Ես   էլ`  մեղու   բարեբեր,

Եւ  քո   կրծքին   ես   իջա,

Որ   հմայքդ   վայելեմ:

Ու   գերվեցի   ես   քեզանով`

Վայելելով   մինչեւ  վերջ,

Քո   նեկտարը   լեռների`

Անչափ   սրտիս    էր   վայել:

Սավառնեցի   աշխարհով`

Վայելելով   ծաղիկներ,

Բայց   վայելքը   անցյալի

Ոչ   մի  ծաղիկ   էլ   չուներ:

 

 

Լեռնուհի,   իմ   թանկագին

Քո   շանթահար   հայացքին`

Ջահել   սիրտս   ալիքվեց,

Մոլորվեցի   ես   իսկույն

Քո   խոսքերից   սիրահեզ:

Դու   լեռների   մի   եղնիկ,

Ես   էլ   մի   խենթ   կարապետ,

Վայելքների   հովիտում`

Սիրուն   տրվեցինք   խելահեղ,

Ու   հալվեցի   մոմի  պես`

Քո   կրծքերին   սիրակեզ,

Վայելելով   մինչեւ   վերջ`

Քեզ   լեռնուհիս,   սիրահեզ...

 

17/04/2012թ. 


ԱՉԻԿՆԵՐԸ   ՔՈ   ՍԻՐՈՒՆ

 

 

Աչիկներով   քո   սիրուն

Ինձ   գերեց   իր   դու  իսկույն ,

Կապույտ   ասե՞մ, թե՞  կանաչ `

Ո՞ր   գույնին   ես   հավատամ:

 

Երկնագույն   է  մեկ   դառնում,

Մոխրանում  է,  կանաչում,

Եւ  գույներն  է  փոխում  հաճախ

Քո   աչքերը  բազմաթափանց:

 

Մոլորվում   եմ  ես   իսկույն

Քո  աչքերի   գույներում,

Քո   աչքերով   երփներանգ`

Ձոն  եմ   գրում  շարունակ:

 

 

14/05/2012 թ.

                   Ո՞ՐՆ    Է    ՍԵՐԸ

 

 

 Իմ   լռությունն   անգամ  խոսում   է   քեզնից`

Սիրով   պարուրված   հայացք  մի  անթարթ,

Եւ   ժպիտը   քո  մաքուր   ու  անբիծ`

Խենթացա՜ծ   պոետ,  քեզնո՛վ   է   արբած:

 

Եւ   զորությունը   սիրո   համբույրի`

Տիեզերքն   անգամ   փոքր   կթվա,

Օվկիանն   էլ   որպես   ջրի   մի   կաթիլ`

Աստծո   պարգեւած   սե՛րն    է,  հավատա՛:

 

 

27/07/2012 թ.

                  ՍԻՐՈ    ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ

 

 

 

 Հրով    է   լցվել   սիրտս   սիրակեզ`

 

Բոցավառվում   է   կրակով   անշեջ,

 

Սիրո   կարոտից   հալվում    է  կարծես.

 

Սե՛ր   իմ,   քո   մասին   եմ   ընդմիշտ   երազում:

 

 

 

Ու   համբյուրներիդ   կաթիլը   սիրո

 

Ծարաված   հոգիս   թող  որ   հագեցնի,

 

Լռելով   այսպես   մթության   մեջ  դու`

 

Միայն   իմ   սրտի   բաբախը   լսի՛ր:

 

 

 

Եւ   կհամոզվես   այդ   լուռ   խոսքերից,

 

Որ   սրտիս   ձայնը   քեզ   կփոխանցի,

 

Գոռացող   հոգին   չի   կարող   ասել,

 

Որքան   բաբախը   իմ   սիրող   սրտի:

 

 

   

04/07/2012թ. 


ՎԱԼԵՆՍԻԱ

 

Միջերկրականի   ափերին   փռված,

Կիզիչ   արեւի   շողերից   խանձված,

Նիրհում   ես  հանգիստ ` քաղաք  իմ   հոգնած:

Քո  փողոցներն  անթիվ,  մարդաշատ,

Ջերմ   ժպիտներով  անկեղծ,  սիրալիր

Կյանքով   ես   լցված`   քաղաք   իմ   սիրած :

Աշխարհում   այսպիսի   քաղաք  չես   տեսնի.

Սերն   ու   խնդությունն  այստեղ   են   ծնվել,

Երազանքների   փերիները  մերկ`

Այստեղ   են   իջել   կապույտ  երկնքից

Եւ   ջուր   են   տարել   սիրո  աղբյուրից:

Քո   այգիներում   կանաչ,  բարեբեր,

Սիրո   ջրալի   պտուղն   է   հասնում,

Համբյուրն   էլ`   գիտե՞ք,  այստեղ   է  ծնվել`

Պատմությունն   է  անգամ  այդ   վկայում:

Եւ  արեւմուտքի,   որպես   մի   զմրուխտ,

Ու  արեւելքի   բուժիչ   բալասան,

Քո  ամրոցներով  բարձր  ու  հզոր`

Վկան  ես   եղել   դարերի   անցած:

Ալեհեր   ես,  ինչպես   իմաստուն,

ՈՒ  ջահել  ես,  որպես   նորահարս,

Քաղաքն  ես   երգի,  սիրո   եւ   գարնան`

Վալենսիա   սիրուն`  զարդն   ես   մարդկության:

Քո   պուրակներում   կանաչ,  ծաղկազարդ,

Արմավենիների  ստվերի  ներքո,

Սեր  եմ   ես   երգել`   քաղաք   իմ,  սիրած:

ՈՒ  հոգնած   ահա  ցավերից   բոլոր,

Քո   գրկում  գտա   հանգիստն   իմ   կորցրած,

Դու   եղար   կյանքիս   իմաստը  հարկավ`

Ես   քեզ  սիրում   եմ   Վալենսիա...

Քաղաք`  իմ   սիրած:

 

19/05/2012թ.

 

 

 

 

               ՀԵՌՈՒ    ԵՄ,   ԱՎԱ՜Ղ

 

 

 

 Գարուն   է   այստեղ`  ծառերն   են   ծաղկել,

 

Սակայն   իմ   հոգում   խոր   աշուն   է  դեռ,

 

Հեռու   եմ,  ավա՜ղ,  սիրածս   էակից`

 

Կարոտն   է   տանջում   բաժանման  օրից:

 

 

 

Մինչդեռ   փոթորկվող   հողմերն  անընդհատ

 

Կռիվ   են  տալիս   իմ   գլխում   շարունակ`

 

Երբ   կգա   օրը   սիրո   հանդիպման,

 

Ե՞րբ   քեզ   կգրկեմ,  սե՛ր   իմ,   տանջված:

 

 

 

Կգա   գարունը   մեր   կյանքում   հարկավ`

 

Այդպես   է   կարգել   փառավոր  Աստված,

 

Խոր   ձմռան   բուքը   հեռու   է   գնում,

 

Երբ   գարնան  գալուստի   շեփորն   է  հնչում:

 

 

 

Չարն  իր  չարության  հրով  է  այրվում,

 

Բարին  միշտ  հաղթում  է` այդպես  է  լինում,

 

Ու  կյանքում  եղավ  փորձությունն  այս,

 

Սերը  հավերժ  է`  այսպես  անբաժան:

 

 

13/05/2012 թ.

 

ՉԱՐԱՃՃԻ   ԶԱՏԻԿ

« Minuscule »

 Պուտիկ,  պուտիկ,   պուտ-պուտիկ

Չարաճճի,  փոքրիկ   զատիկ,

Ճարպիկ   ես  եւ   խորամանկ`

Սիրելին  ես   դու  շա՜տ   մանկանց,

Բարկացնում  ես   քո   խաղերով   դու  բոլորին,

Սակայն  փոքրիկ   մանուկների

Քաջ  հերոսն   ես  սիրով   սպասված:

Ալինեն   է   քեզ  միշտ  սիրում,

Հակոբիկն    է  հույսով   սպասում,

Թե   երբ   կտեսնեն   քեզ   էկրանին,

Քո   խաղերով   չարաճճի:

 

 

 

13/05/2012 թ.

                                                     

                               ԳԵՂՈՒՀԻՍ

 

 

Քնած   էր   անուշ   քնով

Այն  աղջիկը   թխահեր,

Որ   սավանին  ճերմակափայլ,

Յուր   վարսերն   էր   տարածել:

 

Ասեղնագործ    նուրբ   վերմակի

Քղանցքներից   մետաքսյա

Լույս  էր   տալիս  մերկ  ազդրերը`

Լուսամարմին   աղջկա:

 

Ու  մոտեցա  կամաց   նրան,

Գանգուրները   շոյեցի,

Քուն   էր  մտել   նուրբ   գեղուհին`

 

Սիրո   ժպիտը   դեմքին:

 

Խոնարհվեցի   ես   փոթորկված,

Որ  համբուրեմ  ես  նրան...

Հանկարծ   մի   ձայն`

Ու  չքացավ  նա  անձայն...

 

Եւ   արթնացա  ես   խոր   քնից

Չկա՜ր,  ավա՜ղ,  իմ   փերին,

Ափսո՜ս,  որ   դա   լոկ   երազ   էր`

Հուշ   ես   դարձել    իմ  անգի՛ն: 

 

Եւ   կսպասեմ   ես   մյուս   օրվան,

Որ   քե՛զ   տեսնեմ,  սիրելի՛ս...

Թե՛  երազում   եւ   թե՛  կյանքում,

Դու  միշտ   լինես  իմ  կողքին:

 

11/04/2012   


          ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

 

 

 

 

Պատուհանի մոտ նստել եմ հիմա`

Այստեղ հյուսիսի իմ բնակարանում,

Դրսում ճերմակ սավան է փռված,

Ձյունը կարծես դադար չի ուզում:

 

Ցուրտ է այստեղ` հյուսիսում անծայր,

Ժամանակն այստեղ սառել է կարծես,

Մրրիկն ու ցուրտը ընկեր են հիմա,

Կյանք ու բնություն լռել են այստեղ:

 

Հպարտ կանգնած են մրրիկի դիմաց` փոթորկի

Հսկա սոճիներն վիկինգների պես,

Ոռնում էր քամին անտառում կորած.

Իր գիշերային հանգիստն էր փնտրում:

 

Եվ մթության մեջ խավարում թավշյա`

Փոքրիկ խրճիթի նեղ պատուհանից,

Աղոտ վառվում են լույսերը հոգնած,

 

Եվ քուն էր մտնում աշխարհը կրկին:

 

 

18/01/2014

Հեղինակային    իրավունքների   պաշտպանություն    Սույն   բլոգ-կայքի   հեղինակային   իրավունքները   պատկանում   են  դրա   հեղինակին՝  Վարդան   Հովհաննիսյանին:   Բլոգում   տեղ   գտած   նյութերը  պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով:   Մեջբերումներ   անելիս  հղումը  azatamartiki-hishatakaran.jimdo.com  -ին  պարտադիր  է:   Հեղինակային    հոդվածների,   գրառումների,   լուսանկարների   մասնակի   կամ   ամբողջական  վերարտադրությունն   այլ   կայքերում   կամ  զանգվածայինլրատվամիջոցներում    առանց  azatamartiki-hishatakaran.jimdo.com -ին  հղման   արգելվում   է: